Աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցությունն ամրապնդվում է․ Արմեն Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության պատվիրակությանը

Սեպտեմբերի 10-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության Արտակարգ իրավիճակների և գործառնությունների վարչության արտաքին ազդեցությունների նկատմամբ դիմակայունության բարձրացման բաժնի ծրագրերի ղեկավար Հենրիկ Հերբերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել աղետների ռիսկի կառավարման ոլորտում Հայաստանի և Շվեդիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակներում ՆԳ նախարարության և շվեդական կողմի ակտիվ փոխգործակցության կարևորությունը։

Փոխնախարարը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտի և փրկարարների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նա կարևորել է բնակչության ազդարարման և իրազեկման համակարգերի կատարելագործումը, ինչպես նաև համապարփակ ռազմավարությունների և օրենսդրական փոփոխությունների իրականացման փուլը։ Նրա խոսքով՝ այս գործընթացում միջազգային ակտիվ համագործակցությունը շարունակում է լինել առաջնային։

Կրթական միջավայրի վերափոխման համատեքստում Արմեն Մկրտչյանը խոսել է փրկարարների պատրաստման նոր կրթական ծրագրերի ներդրման մասին: Նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է ՆԳ նախարարության տիրույթում միավորել Փրկարար ծառայության և Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնները՝ օպերատիվ արձագանքման և կառավարման արդյունավետությունն էապես բարձրացնելու նպատակով։

Հենրիկ Հերբերը բարձր է գնահատել առկա համագործակցության արդյունավետությունն ու ընդգծել աղետների ռիսկի կառավարման ոլորտում համատեղ աշխատանքի ռազմավարական նշանակությունը։ Նա ներկայացրել է Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության աշխատանքն ու առաջիկա ծրագրերը։

Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նաև այդ ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու փորձի փոխանակումը աղետների ռիսկի կառավարման ոլորտում, ինչպես նաև ընդլայնելու ոլորտի կատարելագործման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն