1lurer.am Խորհրդարանում ընդդիմություն չկա, ՀՀ խորհրդարանում ընդդիմություն այլևս գոյություն չունի: Կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ պահին ընդդիմադիր պատգամավոր է խոսում ամբիոնից, Սիմոնյանը ասաց՝ ուզում է հասկանալ՝ ինչի մասին են խոսում:
«Ասում եմ՝ իրենք գոյություն չունեն, իրենց ասածը ոչ ոք չի լսում: Իրենք փողոցում յոթ մարդ չեն կարողանալու հավաքել: Իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը, քան իրենց: Նրանք քաղաքական դիակ են, սնանկ են, բանկրոտ են ու ասելիք չունեն»,- նշեց նա՝ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրելով օրակարգ չունենալու համար:
Սիմոնյանի խոսքով՝ եթե նրանց միակ օրակարգը իշխանության օրակարգին ասելն է՝ սուտ է, չեմ հավատում, դա օրակարգ չէ:
«Ե՞րբ եք տեսել, որ խորհդարանական ընդդիմությունը վերջին 4 տարում արտահերթ ընտրություններ պահանջի: Չի՛ եղել նման օրինակ: Երբ եք տեսել, որ ձեր ասած՝ իբր գոյություն ունեցող ընդդիմությունը պատրաստ լինի պատասխանատվություն վերցնելու: Բերել են Վազգեն Մանուկյանին, հետո Բագրատ Գալստանյանին, որը Կանադայի քաղաքացի էր»,- նշեց նա:
Հարցին՝ կա արդյոք արտախորհրդարանական ընդդիմություն, պատասխանեց՝ կարծում է՝ կա:
«Արտախորհրդարանական ընդդիմություն կա, հուսով եմ՝ գալիք ընտրությունների ժամանակ նրանց մեծ մասը կհայտնվի խորհրդարանում»,- ասաց ԱԺ նախագահը՝ նշելով, որ խորհդարանից դուրս արդեն կան ձևավորված ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք կհայտնվեն խորհրդարանում:
«Վերջապես մենք խորհրդարանում կունենանք ընդդիմություն»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք մրցակից է համարում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի ձևավորելիք քաղաքական նոր ուժը, տվեց բացասական պատասխան:
«Որովհետև այդ պոնտը, որ փող ենք ծախսում, հեսա փող կբաժանենք, փողոտ տեղ է և կարելի է մեզ հետ միավորվել և հետո պետական պաշտոն ստանալ, այլևս ՀՀ-ում չի աշխատում»,- նշեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ այնտեղ քաղաքական ուժ չկա, այլ կա մեծահարուստ մարդ, որը հայտնվել է բանտում և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է, փորձում են քաղաքական ապաստարան գտնել ԱԺ-ում: