1lurer.am ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին «Թրամփի ուղու» վերաբերյալ՝ հետաքրքրվելով՝ արդյոք ամերիկյան կողմն այնտեղ կառուցապատո՞ւմ է իրականացնելու:
Սիմոնյանը առաջարկեց մոտավորապես որպես մոդել վերցնել «Զվարթնոց» օդանավակայանը, որը կառավարվում է արգենտինական կազմակերպության կողմից:
«Նորից եմ կրկնում, սա շատ վերացական եմ ասում, շատ վերացական, կարող է՝ չգիտեմ, Էներգակիրների կառուցումը անի, հայկական կազմակերպությունը, ասենք, երկաթուղու գծի կառուցումը անի մեկ այլ։ Դա արդեն կորոշի այս համատեղ հայ-ամերիկյան կազմակերպությունը։
Ես մյուս առիթը օգտագործելով` ուզում եմ մի բան ասել այդ խոսակցության մասին՝ «Թրամփի ուղի», միջանցք և այլն: Նախ՝ իմ մոտ տպավորություն է, որ հայ ժողովրդի մոտ սենց մի պատկերացում կա, երբ ասում ենք միջանցք, պատկերացնում ենք 2 պատ, մեջտեղը ինչ-որ զինված մարդիկ, որտեղով միայն ադրբեջանցիներն են գնում-գալիս և էլ ոչ ոք մուտք չի կարող գործել»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ նման բան չկա:
«Պայմանական՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, երբ Իրանից բեռները գալիս են և գնում են Վրաստան, նույնպես էդ տրամաբանության մեջ կարելի է միջանցք անվանել։ Դա լինելու է 5 հիմնական սկզբունքի վրա, որ երեկ վարչապետը մի հինգ անգամ ասաց։
Դրանից զատ՝ բոլոր խոսակցություններն անհիմն են և անտեղի»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը:
Նա ընդգծեց՝ մեզ համար առաջնային է, որ կոմունիկացիաները հնարավորինս արագ բացվեն:
Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ շատ կարճ ժամանակահատվածում հայերը և ադրբեջանցիները առևտուր կանեն իրար հետ, կունենանք միասնական շուկա, ադրբեջանական ապրանքները կլինեն մեր շուկաներում, հայկական ապրանքները՝ Բաքվի ու մնացած քաղաքների խանութներում:
«Դա անխուսափելի է»,- հայտարարեց ԱԺ նախագահը: