Առաջիկայում ինչ տեղի է ունենալու, կապված է բացառապես անվտանգության լեգիտիմության ռազմավարության հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն-2025» միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ խոսեց անվտանգության ապահովման միջոցներից՝ նշելով, որ էական փոփոխություններ են եղել անվտանգության ապահովման և խոցելիության նվազման ընկալումներում:

Նա ներկայացրեց, թե նախկինում ինչպիսին էին այդ ընկալումները՝ նախ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ևս մեկ անգամ ներկայացնելով դրա շուրջ ստեղծված իրավիճակը և նշելով. «Անվտանգության այս առաջնային կոնցեպտը՝ ռազմաքաղաքական դաշինքի կոնցեպտը, Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իարդարձությունների համատեքստում չաշխատեց»:

Ապա Փաշինյանը խոսեց բանակից՝ ընդգծելով, որ երկար տարիներ եղել է այն ընկալումը, որ բանակն է անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը, սակայն նրա խոսքով՝ «երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն»:

Փաշինյանը նշեց, որ բանակը նույնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը չպետք է լինի, բանակը պետք է լինի անվտանգության ապահովման ամենավերջին գործիքը. «Եթե մենք ուզում ենք բանակը մեզ պաշտպանի, մենք պետք է պաշտպանենք բանակին, եթե մենք ուզում ենք՝ զինվորը մեզ պաշտպանի, մենք պետք է առաջինը պաշտպանենք զինվորին»:

Փաշինյանի խոսքով՝ պատմությունն ապացուցեց, որ անվտանգությունը չապահովվեց նաև երկրորդ կետով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ ուզում էին դիմել ՀԱՊԿ-ին, հենց այդ ժամանակ հարց է առաջացել, թե ո՞րն է տարածքային ամբողջականությունը, որ ճանաչում է հայկական կողմը և ակնկալում է, որ մյուսները ևս այն ճանաչեն:

Եվ այստեղ է, որ, Փաշինյանի խոսքով, առաջ է եկել անվտանգության ապահովման առաջնային գործիքներից մեկը՝ լեգիտիմությունը, որը հետագայում դարձել է անվտանգության ռազմավարության առանցքներից մեկը:

Նա հիշեցրեց, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստ են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը Պրահայում. «Այդ կետին ՀՀ ռազմավարությունը էականորեն փոխվեց, և մենք հասկացանք, որ անվտագության հենասյուներից մեկը, իմ կարծիքով ամենաառաջնայինը պետք է լինի լեգիտիմությունը»:

«Մենք հետևողականորեն իրականացնում ենք լեգիտիմության վրա հիմնված անվտանգության ռազմավարություն, և այս ռազմավարությունն է հնարավոր դարձրել խաղաղությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը ինստիտուցիոնալ խաղաղության մասին է, ոչ թե նրա մասին, որ կրակոցներ չկան:

Ապա Փաշինյանը հիշեցրեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի մասին՝ այն անվանելով «թերագնահատված»: Նա նշեց, որ սրանք սպոնտանմ գործողություններ չեն, այլ 2022թ. սեպտեմբերին որդեգրված ռազմավարության բերած արդյունքներն են:

«Այն, ինչ առաջիկայում տեղի է ունենալու, պայմանավորված է լինելու այդ ռազմավարությամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն, ինչ արվում է՝ արտաքին միջավայրի հետ կապված, կապված է միայն ու միայն, բացառապես անվտանգության լեգիտիմության ռազմավարության հետ:

Հաջորդ ռազմավարական վերաձևակերպումը, ըստ Փաշինյանի, հետևյալն է. «ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորենճանաչված տարածքից դուրս անելիք, խնդիր չունի, և բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը ապահովելն է»:

Նա նշեց, որ այս վերաձևակերպումը կոնկրետ արդյունքներ է տվել՝ մասնավորապես հիշեցնելով զենքի ձեռքբերման շուկաների «անսահմանափակությունը», և որ այդ սահմանափակումները վերացել են լեգիտիմության ռազմավարության շնորհիվ, քանի որ, ըստ նրա, «որևէ երկիր ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսելիս չունի մտավախություն, որ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակներով, և որևէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ-ի՝ ինքնիշխան տարածքը վիճարկելու իրավունքը»:

«Մենք մեր խոսույթները, ձգտումները, նպատակները տեղավորում ենք մեր միջազգայնորեն ճանաչված 29 743 քառ. կմ տարածքի սահմաններում, բացարձակապես ամեն ինչը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սրա հետ կապված գործողությունները մեկնաբանվում են, որ իրենք դրանք անում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով:

«Սա անվտանգություն հասկացության իմ նշած շերտերը, հայեցակարգերը չտեսնելու հետևանք է»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև