1lurer.am Մետրոպոլիտենում մեծ ծավալի աշխատանքներ ունենք իրականացված. նորոգվել, ձեռք են բերվել շարժիչներ, վերանորոգվել են գնացքներ, տարբեր կայարաններում փոխարինվել են շարժասանդուղքներ, և արդիականացվում են թունելային, հակահրդեհային ու ջրամատակարարման համակարգերը և այլ կարևոր ենթակառուցվածքներ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա ընդգծեց, որ մետրոպոլիտենում իրականացվող աշխատանքների ծավալն աննախադեպ է: «Ունենք երկու հիմնական նախագիծ՝ Աջափնյակի կայարանի նախագիծն է, որտեղ ունենք առաջնային փուլի վերջնական փորձաքննություններն անցած նախագիծը, և, իհարկե, հասկանալի է, որ բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչո՛ւ է երկար տևում: Ուզում եմ արձանագրել, որ Աջափնյակի կայարանի նման նախագիծ իր բարդությամբ, իր փորձաքննությունների պահանջներով, մենք վերջին 35 տարվա ընթացքում չենք ունեցել:
Հաջորդիվ մենք պլանավորում ենք իրականացնել 3 փուլանի մրցույթ. մի փուլը վերաբերելու է թունելի հատվածին՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև կիրճ, կիրճի կամրջի հատվածը, և երրորդը՝ արդեն թունելի և կայարանի կառուցման աշխատանքները:
«Սուրմալու» կայարանի ծրագիրն ունենք, այս պահի դրությամբ աշխատում է տնտեսական հիմնավորվածության և կապիտալ ներդրումային ծրագրի վրա, և սա, ենթադրում ենք, որ համայնք – մասնավոր գործընկերության տրամաբանությամբ ենք իրականացնելու»,- նշեց Երևանի քաղաքապետը: