azatutyun.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ վկայի կարգավիճակով: Այս մասին Ավինյանը հայտնեց այսօր ասուլիսի ժամանակ:
«Այն ինֆորմացիան, որ ես ունեի, ամբողջապես փոխանցել եմ իրավապահ մարմիններին», – ասաց նա:
Ավինյանը չհամաձայնեց այն գնահատականի հետ, թե ֆոնդն անարդյունավետ էր:
«ԱՆԻՖ-ի դեպքում քննությունն անելն այնքան էլ պարզ չէ, որովհետև ԱՆԻՖ-ն, օրինակ, այն տեսակի գործարքներ էր անում, որ կարող է ՀՀ-ում առաջին անգամ լիներ, օրինակ՝ սվոպ օպցիոնով պայմանագիր: <> Այսինքն՝ այդտեղ իրականում երբ ուզում ես քննես, պետք է շատ, երկար ու մանրամասն քննես, որը հիմա է տեղի ունենում», – հավելեց խորհրդի նախկին նախագահը:
Միլիարդավոր չարաշահումների ու վատնումների կենտրոնում հայտնված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին առնչվող քրեական գործից ավելի քան 1 տարի անց մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի ու դուստր ընկերության նախկին տնօրեններին։
ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը մեղադրյալ է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը մեղադրվում է երկու՝ փաստաթղթերի ու ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։
Ըստ Գլխավոր դատախազության՝ գործով մեղադրյալ է նաև «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը։