«ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետեւ մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով»․ Հայկ Մամիջանյան | aravot.am

aravot.am  Ես չեմ կարծում՝ Հայաստանում կլինի քաղաքական ուժ, որը ռեւանշիզմի գաղափարախոսությամբ կմասնակցի ընտրությանը․ նման խոսույթ օգտագործում են Ալիեւն ու ՔՊ-ն. խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Խորհրդարանական ճեպազրույցում լրագրողը հետաքրքրվել էր՝ ի՞նչ օրակարգով է ՀՀԿ-ն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ խաղաղությա՞ն, թե՞ ռեւանշիզմի։

«ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետեւ մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով։ Մինչեւ ընտրություններ Փաշինյանը անդառնալի բաներ կարող է անել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Հարց էր հնչել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը վերաբանակցելու մասին, եթե գան իշխանության։ Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ականները իրենց տարբեր ելույթներում, ՀՀԿ ԳՄ հայտարարություններում ցույց են տվել բոլոր այն իրավական հիմքերը, որոնցով հնարավոր է այդ փաստաթղթի որոշ կետեր վերաբանակցել եւ եթե ՀՀԿ-ն վերստին գա իշխանության, իրենք դա անելու են, քանի որ հնարավոր չէ, որ Հայաստանը միայն տա եւ ոչինչ չստանա։

Մտավախություն կա՞, որ Արարատ լեռան պատկերը զինանշանի վրայից էլ կհանվի՝ հարցին էլ Հայկ Մամիջանյանը հակադարձեց՝ ասելով, որ փորձել կանխատեսել, թե ի՞նչ հակահայկական քայլ կանի Փաշինյանը՝ անշնորհակալ գործ է․ «Անվերջ կարելի է զարմանալ, թե Փաշինյանն ինչպիսի՞ պիոներական, գերազանցիկական պատրաստակամությամբ է փորձում հաճոյանալ Թուրքիային եւ Ադրբեջանին»։ Նա հուսով է, Փաշինյանից դա չեն պահանջել, ինքնակամ է անում նման քայլերը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև