Նեթանյահուն արդարացված է համարում Քաթարում Իսրայելի հարվածը ՀԱՄԱՍ-ին | armenpress.am

armenpress.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արդարացված է համարում Քաթարում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչներին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Նրա խոսքով՝ Քաթարը, որպես միջնորդ հանդես գալով մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում, «կապված է ՀԱՄԱՍ-ի հետ», ուժեղացնում, հյուրընկալում և ֆինանսավորում է ՀԱՄԱՍ-ին։

Եվ այդ պատճառով Քաթարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին հասցված հարվածը «լիովին արդարացված է», նշել է Իսրայելի վարչապետը։

«Եթե Քաթարը ցանկանար, ապա հեշտությամբ կարող էր զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա, և դա մեզ կօգներ մեր բոլոր պատանդներին ազատել դեռ պատերազմի առաջին ամիսներին», – ասել է Նեթանյահուն The Times of Israel-ին։

Նա նաև հրաժարվել է նոր տեղեկություններ տրամադրել այն մասին՝ արդյոք Դոհային հարվածի ընթացքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ։

«Մենք դեռ ստուգում ենք դա։ Դա դեռ վերջնական չէ։ Մենք սպասում ենք արդյունքներին», – ասել է Նեթանյահուն։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դոհայում գտնվող շենքերից մեկին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է շարժման հինգ անդամ, այդ թվում՝ շարժման գլխավոր բանագնաց Խալիլ ալ Հայիի որդին, սակայն բոլոր բարձրաստիճան անդամները ողջ են մնացել։ Բացի այդ, զոհվել է Կատարի անվտանգության ուժերի մեկ անդամ։

Բազմաթիվ երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները Դոհային։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև