hetq.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Այս մասին «Հետքին» փոխանցեց Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետի մամուլի քարտուղար, լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը սպառնացել է իրեն, իսկ երկու շաբաթ անց դիմակավորված անձը ծեծի է ենթարկել իրեն։
Դեպքի օրը նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրել են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել առողջությանը թեթև վնաս պատճառելու հետևանքներ: