Վարչապետը հայտնեց, թե ինչու է փոփոխվել ՀՀ պետական սահմանի հատման կնիքի ձևը | armenpress.am

armenpress.am ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխությունը որևէ կապ չունի Հայաստան–Թուրքիա բանակցությունների հետ։Լագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխման հարցը շրջանառության մեջ է դրվել շատ ամիսներ առաջ, երբ տեսանելի հորիզոնում անգամ տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան այցի մասին։ Ընդհանրապես Հայաստան–Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։ Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Դա իրականությանը չի համապատասխանում», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի անվտանգության ռազմավարության առանցքային սկզբունքը լեգիտիմությունն է։

«Մենք ինքներս պետք է ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով։ Սա անում ենք մեր պետության հարատևությունն ապահովելու համար։ Մեր պետությունը պետք է դրվի ճիշտ դիրքի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։

Սեպտեմբերի 11-ին կառավարությունը որոշում էր ընդունել պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխության վերաբերյալ։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ այն կապել էին Թուրքիայի հնարավոր պահանջների հետ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը, արձագանքելով այդ քննադատություններին, նշել էր, որ աշխարհի շատ երկրներում անձնագրերում կնիք ընդհանրապես չի դրվում, իսկ նոր կնիքների վրա լինելու է միայն սահմանահատման վերաբերյալ տեղեկատվություն՝ առանց որևէ այլ պատկերների, այդ թվում՝ Արարատ լեռան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև