Պապոյանը մասնակցել է «Դարպաս դեպի Եվրոպա»․ Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր հաբ» խորագրով միջազգային համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է «Դարպաս դեպի Եվրոպա» (Gateway to Europe)․ Հայաստանը՝ նորարարության և ներդրումների նոր հաբ» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովին ներկա են գտնվել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն Գոհար Աբաջյանը, պետական և միջազգային այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել էր պետություն-մասնավոր երկխոսության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` Եվրամիության, Expertise France-ի, Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի (EBAN)-ի և այլ գործընկերների համակազմակերպմամբ։

Համաժողովի նպատակն էր համախմբել հայկական և եվրոպական բիզնես հրեշտակներին, ստարտափների հիմնադիրներին, նորարական և տեխնոլոգիական ոլորտների մասնագետներին, վենչուրային ու կորպորատիվ գործընկերներին՝ ամրապնդելով գործարար կապերը եվրոպական կապիտալի և տեղական ստարտափների միջև։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ելույթում նշել է, որ այս միջոցառումը յուրօրինակ հնարավորություն է ոչ միայն Հայաստանի տնտեսական ու ներդրումային ներուժը ներկայացնելու, այլև նոր ծրագրեր մեկնարկելու համար՝ միաժամանակ խորացնելով Հայաստան-ԵՄ ռազմավարական համագործակցությունը։

«Այսօր Հայաստանը միավորել է եվրոպական բիզնես հրեշտակների ցանցերին, միջազգային վենչուրային հիմնադրամների և հայկական նորարարական ընկերությունների լավագույն ներկայացուցիչներին։ Սա հստակ ազդակ է, որ Հայաստանը դիտարկվում է որպես նորարարության և բիզնեսի վստահելի հարթակ։ Վստահ եմ, որ այստեղ ձևավորվող գործընկերությունները կդառնան ամուր հենասյուններ Հայաստանի տնտեսական կայուն աճի և զարգացման համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև