Հայաստանը դարձել է Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցող 125-րդ երկիրը՝ միանալով 1899-ի և 1907-ի Հաագայում կնքված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի 18-ին Հաագայում՝ «Խաղաղության պալատում» տեղի է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Որպես Դատարանին նոր անդամակցած պետություն՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Դատարանի առաքելությանը, որն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդմանը և միջազգային համագործակցության խթանմանը. արժեքներ, որոնք խորապես արմատավորված են Հայաստանի իրավական հանձնառություններում և միջազգային ձգտումներում»,- իր ելույթում ասել է Միրզոյանը։
Նախարարի խոսքով, Հայաստանը Մշտական արբիտրաժային դատարանի կոնվենցիաներին միանալը դիտարկում է իր ավելի լայն տեսլականի շրջանակներում՝ ուղղված միջազգային իրավունքի հիմքի վրա կառուցված համաշխարհային կարգի ամրապնդմանը և միջազգային հարաբերություններում արդարադատության պատշաճ տեղի ապահովմանը։
«Այսօր, երբ միջազգային համակարգը բախվում է աճող ճնշումների, մենք համոզված ենք, որ այնպիսի կառույցները, ինչպիսին է Մշտական արբիտրաժային դատարանն՝ իրենց չեզոքության, իրավական գերազանցության և կառուցողական երկխոսության երկարամյա ավանդույթներով, առավել կարևոր նշանակություն ունեն, քան երբևէ:
Պետությունների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հաստատությունների միջև վեճերի լուծման համար արբիտրաժի և այլ միջոցների խթանման գործում Դատարանի դերը և՛ պատմական է, և՛ ապագային ուղղված: Այն ծառայում է որպես առանցքային հարթակ՝ միջազգային իրավական նորմերի պահպանման և համագործակցության խթանման համար, որը հիմնված է իրավունքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է նախարարը։
Ըստ Միրզոյանի, Դատարանին միանալու որոշումն արտացոլում է նաև Հայաստանի ազգային փորձը:
«Մենք թերևս շատերից ավելի լավ գիտենք վեճերի լուծման անաչառ մեխանիզմների կարևորությունը, որտեղ իրավունքը գերակայում է ուժին, իսկ երկխոսությունը՝ հարկադրանքին: Հենց այս ոգով է Հայաստանը դիտարկում Մշտական արբիտրաժային դատարանը որպես կամուրջ դեպի ավելի արդար և խաղաղ ապագա»,- ասել է նախարարը:
Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակն իր խոսքում նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Դատարանին լիովին համահունչ է հավակնոտ քաղաքական տեսլականին, որը ժամանակակից փոխկապակցված գլոբալ տնտեսության պայմաններում առանձնակի կարևորություն է տալիս ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների առաջմղմանը։
Դատարանի վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկին նշել է, որ Հայաստանի կողմից Դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազմակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար։
Միջոցառմանը տեղի ունեցել է Դատարանի վարչական խորհրդում ՀՀ ազգային աթոռի բացման արարողություն։
Գոյություն ունի ազգային աթոռների գեղեցիկ ավանդույթ. այդպիսի ազգային աթոռի իրավունքն ունի Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմ: Այս աթոռներից յուրաքանչյուրը, շնորհիվ յուրահատուկ փայտամշակման, վարպետության, նրբագեղ գործվածքների օգտագործման և հատուկ ասեղնագործության, արվեստի եզակի նմուշ է: Այս աթոռներից յուրաքանչյուրը կրում է Դատարանի անդամ պետության զինանշանը՝ խորհրդանշելով պետության ինքնիշխանությունը և այն պետությունների կենտրոնական դերը, որոնք հիմնել և կառավարում են դատարանը: