Հունվարի 20-ից Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով

Հունվարի 20-ից Արցախի Հանրապետությունում կգործի սննդամթերքների որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ: Այս մասին ասվում է Արցախի Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում:

Բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:
 
«Մեկ անձին նշված սննդամթերքներից ամսական կհատկացվի մեկական կիլոգրամ եւ մեկ լիտր ձեթ։ Բացի ձեթից մնացած խմբաքանակը բնակիչները միանգամից ձեռք բերել չեն կարողանա, այլ 15 օրը մեկ անգամ», – հայտնել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ Գոհար Պողոսյանը:
 
Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ 19 կետ կգործի:
 
Շրջկենտրոնների  բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողները իրենց համայնքապետարաններից:
 
 
 

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս։ 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։

Արցախը շրջափակման մեջ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն