Շատերը դատապարտել են շրջափակումը, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել․ Արտեմ Փաթափության

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի հայերի նկատմամբ Ադրբեջանի կառավարության անմարդկային գործողություններին։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը, որը 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի:

«Շատերը դատապարտել են շրջափակումը, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել»,- գրել է գիտնականը՝ նաև տարածելով СNN-ի հոդվածը։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։

36 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։

Լուսանկարը՝ «Մեդիամաքս»-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն