1lurer.am: «Իմ անձի նկատմամբ արդեն մեկ ամիս շարունակվող ուշադրությունը թույլ չի տալիս օբյեկտիվ լուսաբանել և քննարկել բանակի, Բունդեսվերի վիճակն ու փոփոխություններն անվտանգության քաղաքականության կուրսում՝ ելնելով Գերմանիայի քաղաքացիների շահերից»,- Spiegel-ը մեջբերում է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի հայտարարությունը:
Նա հրաժարական է ներկայացրել իր նկատմամբ հնչող քննադատության ֆոնին: Պաշտպանության նախարարին մեղադրում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում «գերմանական բանակը կարգի բերելու» անկարողության համար:
Գերմանական մամուլը երկրի պաշտպանության նախարարի հավանական թեկնածուներ է համարել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) համանախագահ Լարս Կլինբեյլին, դաշնային կանցլերի վարչության ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին և երկրի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Հուբերտուս Հայլին։
Ազատության փոխանցմամբ՝ վերջին ամիսներին գերմանական մամուլը քննադատում էր Լամբրեխտին Բունդեսվերի համար ձեռքբերվող սպառազինության գնումների ցածր տեմպերի և փորձառության պակասի համար։ Բացի այդ` Լամբրեխտը անցած տարվա ապրիլին հայտնվել էր սկանդալի կիզակետում, երբ գերմանական բանակի ուղղաթիռներից մեկը օգտագործել էր սեփական կարիքների համար՝ իր 21-ամյա որդու հետ մեկնելով Հյուսիսային ծովում գտնվող Զյուլտ կղզի։