Հավատարմագրային կառավարման հանձնելը պետք է լինի ոչ ձևական։ Ֆորմալ հավատարմագրային կառավարմանը հանձնելը և փաստացի դրանք ղեկավարելը հակասում է Սահմանադրության պահանջներին։ Ազգային ժողովի պատգամավորը չպետք է որևէ ձևով խառնվի բիզնեսի կառավարմանը։ Այս մասին մեր զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Հաճախ ենք լսում, որ Ազգային ժողովի տարբեր պատգամավորներ օգտագործում են այնպիսի արտահայտություններ, ինչպես՝ ներմուծեցի, վաճառեցի, աշխատատեղ ստեղծեցի, գործի ընդունեցի, հանեցի, խրախուսեցի և այլն։ Ստացվում է՝ իրենց լեզվամտածողությամբ արդեն իսկ վառում են, որ իրականում հենց իրենք են ձեռնարկատիրային գործունեությամբ զբաղվում, և հավատարմագրային կառավարում չկա։
Ես վստահ եմ՝ եթե խորքային լրագրողական հետաքննություն արվի, կտեսնենք, որ Ազգային ժողովի շատ պատգամավորներ ոչ միայն լեզվից են թռցնում, այլև փաստացի զբաղվում են բիզնեսով։ Մենք հիշում ենք դեպք, երբ ԱԺ պատգամավորն անձամբ տարածքների վարձակալությամբ էր զբաղվում, ի դեպ էլի հենց ԲՀԿ-ական պատգամավոր»,- ասաց նա։
Դանիել Իոաննիսյանն ավելացրեց․ «Չգիտեմ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ինչ ապացույցների է տիրապետում, ինքս չունեմ ապացույցներ, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ անձամբ է զբաղվում, բայց կարող եմ ասել՝ իր ելույթներից իրոք նման տպավորություն է ստեղծվում»։