Կազմակերպվել է Արցախում մնացած օտարերկրացիների մի մասի վերադարձը հայրենիք

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված են մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը՝ ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք»,- գրել է նա։

Վարդանյանը հավելել է, որ, այնուամենայնիվ, Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Այսօրվանից Արցախում սկսվում է սննդամթերքի կտրոնների տրամադրումը։

 

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի / Ստեփանակերտ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն