Լաչինի միջանցքի շարունակվող խափանումները և դրա հետ կապված հումանիտար հետևանքները խորապես մտահոգիչ են։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ:
Նիստին, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք ցավում ենք, որ չնայած այս հարցի բարձրացմանը այստեղ՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, զգալի առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկելու բոլոր միջոցները՝ հումանիտար ապրանքների և քաղաքացիական անձանց անխոչընդոտ տեղաշարժը թույլ տալու համար»,- ասել է նա։
Ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Թագավորությունն ընդունում է, որ երկու կողմերն էլ մտահոգություններ ունեն 2020 թվականի հրադադարի պայմանավորվածությունների կատարման հետ կապված․ «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկելու բովանդակալից բանակցություններ՝ ձեռնարկելու հաստատուն և խաղաղ կարգավորում, որը տևական խաղաղության և կայունության երաշխիք է տարածաշրջանում»։
Նա նաև նշել է, որ Միացյալ Թագավորությունն առաջարկում է իր շարունակական, անսասան և անվերապահ աջակցությունը միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը․ «Պարզ է, որ միայն խաղաղ ճանապարհով դյուրացված երկխոսության միջոցով կարելի է հասնել խաղաղության»։