Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպումը Արա Բաբլոյանի և Համբարձում Սիմոնյանի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 16-ին ընդունել է Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած առողջապահական համակարգի խնդիրները, դիտարկել դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր մեխանիզմներն ու քայլերը։

«Բժիշկների խոսքով՝ Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նպատակ ունի Արցախի շուրջ համախմբել հայ բժիշկներին ոչ միայն Հայաստանից, այլ նաև Սփյուռքից, աշխարհի հեղինակավոր առողջապահական կառույցներում հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետի մասին, աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետության՝ ծանր պայմաններում հայտնված առողջապահական համակարգին։

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է. առաջիկայում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման կարիքների համար Արաբկիր բժշկական համալիրը 2․500․000 դրամ գումար կհատկացնի: 

Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նախատեսում է նաև Արցախի առողջապահական հիմնարկներին աջակցելու կոչով դիմել ՀՀ առողջապահական բոլոր կառույցներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն