Արցախում հունվարի 19-ից դասերը ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին հայտնում է
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։
ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։
10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:
Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով է, գազատարի աշխատանքը խափանված է։ Պետական հաստատությունները անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
Արցախը շրջափակման մեջ է։