Լեմկինի ինստիտուտը դիմել է համաշխարհային առաջնորդներին՝ խնդրելով լուրջ վերաբերվել Արցախում հայերի ցեղասպանության սպառնալիքին

Լեմկինի ինստիտուտը դիմել է համաշխարհային առաջնորդներին, հատկապես՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Ինստիտուստը «աղերսագին խնդրում է» առաջնորդներին լուրջ վերաբերվել Արցախում հայերի ցեղասպանության սպառնալիքին։

«Աշխարհը չի կարող թույլ տալ ևս մեկ Հայոց ցեղասպանություն»,- նշված է ինստիտուտի թվիթերյան գրառման մեջ։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Միայն հունվարի 17-ին 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի / Արցախ, 18․01․2023

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն