Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում ասվում է.
«Խոր ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։
Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։
Թող Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին։
Հայցում ենք, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջով խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ զերծ պահելով մեր ժողովրդին նման ողբերգություններից»։
Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։
Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։