Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցները պետք է արձագանքեն․ ԱԳՆ խոսնակը՝ Արցախ գնացող երեխաների հետ կապված դեպքի մասին

Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու դեպքը։

Հիշեցնենք, որ հունվարի լույս 18-ի գիշերին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Հենց այս երեխաներին տեղափոխող ավտոբուսն էլ կանգնեցրել են ադրբեջանցիները։

ԱԳՆ մամուլի քարտուղարը նշում է, որ, ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ վարքագիծ ցուցաբերող «էկո-ակտիվիստները» կանգնեցրել են Լաչինի միջանցքով երեխաներին տուն՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխող փոխադրամիջոցը, ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել, դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այս ամենի հետևանքով երեխաները ենթարկվել են հոգեբանական ահաբեկման, նրանցից մեկն ուշաթափվել է։

«Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում:

Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին՝ նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Միայն հունվարի 17-ին 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 36 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն