Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հաղորդագրություն է տարածել ու ցավակցություն հայտնել այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առիթով։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։
Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։
Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։