Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը: Այս մասին հաղորդում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
Կատարվում են աշխատանքներ ԱՀ շրջաններում նշված ապրանքատեսակների բաշխումը իրականացնելու համար: Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների առավելագույն իրացման գները և մեկ սպառողի ձեռքբերման չափաքանակը ներկայացված են աղյուսակում:
Սպառողներին հորդորում ենք զերծ մնալ հրապարակված գներից ավելի բարձր գներով նշված ապրանքատեսակները ձեռք բերելուց, իսկ նման դեպքերին առնչվելուն պես ահազանգել գործող թեժ գծերի միջոցով:
Շուկայում տարբեր ապրանքատեսակների հետագա իրացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։
ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։
9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 58 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:
Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
Արցախը շրջափակման մեջ է։