Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի ծրագրերի ղեկավար Նվարդ Մարգարյանը։ Նա մասնավորապես ասաց․
«Հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ,
իմ ելույթում ցանկանում եմ մի փոքր այլ տեսանկյունից հարցադրումներ հնչեցնել, որոնք, իհարկե, ամփոփում են նաեւ իմ դիրքորոշումները քննարկվող նախագծի եւ առհասարակ քաղաքականությունների մշակման սկզբունքների եւ պրակտիկաների շուրջ։
Մենք չենք կարող զուտ այս ձևաչափի առկայությունը առաջընթաց համարել, քանի դեռ հանրային քննարկումները գործնական նշանակություններ և հետևանքներ չեն ունեցել՝ քաղաքական որոշումներում հանրային շահերն արտացոլելու տեսանկյունից։
Իրական փոփոխությունները և առաջընթացը տեղի կունենան, եթե մենք հասնենք որոշումների կայացման մեջ իրական մասնակցայնության, և որ վերջապես ձերբազատվենք քաղաքականությունների հիմքում կառավարության, այս կամ այն նախարարության ինտուիտիվ կամ մասնակի հիմնավորված պատկերացումները դնել։ Կարևոր է, որ վերջապես քաղաքականությունները մշակվեն՝ հիմնվելով համակողմանի վերլուծությունների ու հետազոտությունների վրա։
Ներկայացնելով սոցիալական և մարդու իրավունքների հիմնախնդիրների հետազոտման ու բերափոխման ոլորտը՝ ինձ առաջին հերթին մտահոգում են նման վերլուծությունների և հետազոտությունների իրականացումը հենց այս ոլորտների հանդեպ զգայունության տեսակետից։
ՀՀ սահամանադրության անփոփոխ հոդվածով մենք մեր երկիրը սահմանադրել ենք իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, որտեղ, ուրեմն, քաղաքացիների միջեւ սոցիալական արդարության եւ սոցիալական պաշտպանվածության, որն է նաեւ պետության բարօրության հարցը չի կարող երկրորդվել։ Բացի սահմանադրության պահանջից, այս պահանջը նաև ՀՀ քաղաքացիների պահանջն է, որը գործնականում ձևակերպվում էր անցյալ տարի տեղի ունեցող հեղափոխության փողոցային պայքարում։
Հեղափոխական Ազգային Ժողովն, ուրեմն, այլևս այս սահամանադրված և բարձրաձայնված պահանջների իրագործող մարմինն է Հայաստանում, և առաջին շահագրգիռ կողմերից մեկը պետք է լինի, որ ձգտի ձեռք բերել այսպիսի կենսական նշանակության քաղաքական-տնտեսական փաստաթղթի համակողմանի գնահատականները։ Հետևաբար ուզում եմ հարցնել՝ ինչ նման քայլեր են ձեռնարկվել մինչ այժմ։
Արդյոք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դիմել է իրավասու պետական մարմիններին, մասնավորապես՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կամ էլ այլընտրանքային մարմինների՝ քննարկվող նախագծի սոցիալական ազդեցության գնահատականը ստանալու համար, և եթե ոչ, ապա ինչու՞ չի դիմել։
Արդյո՞ք մեկ շահագրգիռ նախարարության տնտեսական ազդեցության գնահատականները և դիրքորոշումները բավարար են հարկային քաղաքականության մեջ բեկումնային փոփոխությունների նման առաջարկն այսօր քննարկելու համար։
Արդյո՞ք չպետք է հենց տնտեսական հարցերի հանձնաժողովը նախաձեռներ այս բոլոր համակողմանի ազդեցության գնահատականների և վերլուծությունների ստացման գործընթացը, որն էլ մեր այսօրվա և գուցե հետագա քննարկումների համար կարող էր սկզբնակետ հանդիսանալ։
Հարկային քաղաքականության փոփոխությունը ենթադրում է իրական ազդեցություն մարդկանց գրպանի, եկամուտի վրա, ինչն էլ, իր հերթին, չի կարող չազդել սոցիալ-տնտեսական վարքի և ընդհանուր բարեկեցության մակարդակի վրա։ Մենք գիտե՞նք արդյոք, թե առաջակվող նախագիծը գործողության մեջ դնելու դեպքում ինչ ազդեցություն կունենա աղքատության մակարդակի վրա, ցածր եկամուտ ունեցողների և տնտեսապես խոցելի խմբերի դրության վրա, միջին և բարձր եկամուտ ունեցողների սոցիալ-տնտեսական և ծախսային վարքի վրա, եկամուտների վերաբաշխման կառուցվածքի վրա։
Կարծում եմ՝ բավարար հիմնավորված կերպով չգիտենք։ Նրանք, ովքեր հետևել են այսօր քննարկվող նախագծի ձևավորման պատմությանը, գիտեն, որ եկամտահարկի համահարթ հարկման առաջարկը ի սկզբանե աչքի չի ընկել հետազոտական հիմնավորվածությամբ և փաստարկվածությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ նախ ընտրվել է հարկման սկզբունքը, հետո նոր որոշում կայացվել հիմնավորել այն՝ այն էլ, հավանաբար, ելնելով տնտեսական ազդեցության գնահատման օրենքի պահանջից։ Ոչ, պատասխանատու մոտեցումը ենթադրում է նախ համակողմանի վերլուծությունների իրականացում և հետո միայն այս կամ այն հարկային մեխանիզմի առաջարկում եւ/կամ որդեգրում։
Կոչ եմ անում ձեռնարկել այս հարցերի լիարժեք եւ համակողմանի պատասխանները տվող տեղեկատվության հավաքագրումը և հետո միայն քննարկման առարկա դարձնել այս նախագիծը, որովհետև հասարակությունը գուցե հանդուրժի մեկ-երկու հակասոցիալական փոփոխություն, բայց իրապես առաջադեմ ռեֆորմների դեպքում դուք կստանաք հասարակության աջակցությունը ինչպես հեղափոխության օրերին էր»։