azatutyun.am: Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն վայրէջք են կատարել Թուրքիայում, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Զօրակցութիւնը կեանք է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հետ և ցավակցություն ու զորակցություն հայտնել ժողովուրդներին՝ երկրաշարժերի բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Էրդողանին նա ասել էր, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։