ebf60e2114ac9aeb21c3f985dc4e444b.jpg

Արդյո՞ք մենք համարում ենք պրոդուկտիվությունը մեղք, որի համար պետք է պատժել ավել հարկաչափով․ Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումերի ընթացքում ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Նա մասնավորապես ասաց․

«Կարելի է տնտեսական կարգերին, հարկման համակարգերին վերաբերվել որպես չոր տնտեսագիտական մոդելներ, որոնք միայն ծախսերի, եկամտի, չոր թվերի ու, իհարկե, փողի մասին են։ Կարելի է, բայց ճիշտ է արդյոք։ Ես կարծում եմ, որ ճիշտ չէ։ 20-րդ դարի տնտեսագիտական ուղղվածության լավագույն լրագրողներից մեկը, Ուորան Բրոքսը իր երբևիցե գրած «The Economy in mind» գրքում գրում է․ «Տնտեսագիտությունը ավելի շատ տնտեսագիտական, քան մաթեմատիկական գիտություն է, որում անձեռնմխելի արժեքներն ու գաղափարական կեցվածքը առնվազն նույնքան կարևոր են, որքան մատերիական արժեքները, իսկ բարերականությունը ավելի հիմնային է, քան փողի մատակարարումը։ Երկրի տնտեսությունը համագումարն է ժողովրդի հոգևոր և մտավոր արժեքների, և այդ տնտեսության ստեղծած նյութական արժեքները կարող են լինել ճիշտ այնքան հզոր, որքան հզոր են այդ երկրի հասարակության կրած արժեքները»։

Որոնք են մեր հասարակության արժեքները, որոնք են այն արժեքները, որ այստեղ հավաքվածներից շատերին ստիպում են մտածել, որ մեր ժողովուրդը ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում, քան իրենից ավելի շատ աշխատավարձ ստացողից գումար ավելի շատ գրպանել։ Որո՞նք են այդ արժեքները,ընկերներ։ Որոնք են այն արժեքները, որոնց համաձայն ամսական ավելի շատ ժամեր աշխատող, ավելի մեծ փորձ, ավելի շատ գիտելիք ու հետևաբար՝  ավելի բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները իրենց եկամտից ավելի մեծ չափաբաժին են պարտավոր տալ միևնույն իրավունքների և միևնույն պետական ծառայությունների դիմաց։

Որո՞նք են այն արժեքները, որոնց համաձայն մի քանի տարի բարեխիղճ աշխատելուց, ինքնակրթվելուց, զարգանալուց ու ավելի մեծ պրոդուկտիվություն ապահովելուց հետո վերջապես աշխատավարձի բարձրացում ստացած քաղաքացիները պիտի բախվեն այն մտքին, որ աշխատավարձի բարձրացում ստանալով նրանք այսօր պիտի հարկվեն նոր՝ ավելի բարձր դրույքաչափով և ստացած աշխատավարձի զգալի մասը վճարեն հարկերի տեսքով։

Թույլ տվեք ինձ վրա վերցնել այս պատասխանատվությունը և հայտարարել։ Մենք նման արժեքներ չունենք։ Մեր հասարակությունը նման արժեքներ չունի։ Սեփական ժամանցային ծախսերի, հանգստի վրա խնայող, բայց իր զավակին հնարավոր ամենալավ ուսումը տալ ձգտող ծնողը այդ արժեքները չունի, հակառակ դեպքում չէր ձգտի զավակի համար ապահովել հնարավոր ամենալավ կրթությունը, մասնագիտությունը, ինչու չէ, նաև ձեռք բերել հնարավորինս բարձր վարձատրվող աշխատանք, հաճախ նաև կոռուպցիոն սխեմաներով։

Եթե իրավացի լինեին հայաստանում օտարածին ու հայկական ներկայի հետ կապ չունեցող ձախական նարատիվներ սպրդողների վարկածները, մեր բուհերը կլինեին դատարկ, մեր երիտասարդները հազարներով չէին մեկնի ուսում ստանալու, մեր ծնողներն էլ չէի անի ամեն ինչ դա հնարավոր դարձնելու համար, այլ 8-րդ դասարանից կհանեին իրենց երեխաներին դպրոցներից, նրանց համար հնարավոր ամենացածր վարձատրվող աշխատանքը կգտնեին և կսովորեցնեին սոցիալական ապահովության նպաստ ստանալու հնարավոր ամենալավ եղանակները։

Ի՞նչ է համահարթ եկամտահարկը, եթե ոչ մեր կրած արժեքների արտացոլումը։ Ինչ է համահարթ եկամտահարկը, եթե ոչ մեր հասարակության արդարության զգացման արտացոլումը․․․ իրական, պարզ արդարության, երբ մի քաղաքացին, մյուսից ստանալով երկու անգամ շատ աշխատավարձ, վճարում է երկու անգամ շատ հարկ։ Վերջ։ Սա արդարությունն է, սա ամենապարզ արդարությունն է, որը գիտակցում է ցանկացած մարդ։

Նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանը ասել է․ «ամեն անգամ, երբ դու մի քաղաքացու գրպանից գրոշ ես վերցնում և տալիս ես մյուսին, դու բարոյական ընտրություն ես կատարում»։ Հիմա ԱԺ-ն կանգնած է այս բարոյական ընտրության առաջ՝ բարոյական, այլ ոչ մաթեմատիկական, սա ուզում եմ շեշտել ևս մեկ անգամ։Չմոռանալով, որ խոսում ենք աշխատավարձ ստացող քաղաքացիների մասին, չմոռանալով, որ այստեղ գործ չունենք հետսովետական շրջանում ակտիվների արդար կամ անարդար բաշխման հետ, այլ բացառապես սեփական ջանքերի, մտավոր և ֆիզիկական ունակությունների հաշվին աշխատավարձ ստացող մարդկանց մասին։ Ուզում եմ նայել բոլորիդ աչքերին ու հարցնել՝ արդյո՞ք մենք համարում ենք պրոդուկտիվությունը մեղք, որի համար պետք է պատժել ավել հարկաչափով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն