azatutyun.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, երեկ Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ բանաձևը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի արդեն երկու ամիս շարունակվող շրջափակմանը:
Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանի հեղինակած օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի՝ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրներ:
Գործընկերներին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գրել է. – «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը հեռացնելու համար Արցախից և նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից՝ էթնիկ զտումների ակնհայտ նշան, որը մենք չենք կարող անտեսել»։
«Միացյալ Նահանգները պետք է գործի: Ահա թե ինչու ես և Հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերները ներկայացրել ենք բանաձև, որով Կոնգրեսը միանշանակ կդատապարտի այս մահացու շրջափակումը», – հայտարարել է Բրեդ Շերմանը:
Ի հավելումն Ադրբեջանի գործողությունների խստիվ դատապարտման՝ բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։
ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։
10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 10 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 76 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:
Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
Արցախը շրջափակման մեջ է։