Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Սիրիայում տեղի ունեցած՝ հարյուրավոր զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ դարձած երկրաշարժի կապակցությամբ բացված սգո մատյանում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Իմ անկեղծ վշտակցության և զորակցության խոսքերն եմ հղում Սիրիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»:
Նախագահ Խաչատուրյանը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։