Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը |hetq.am|

hetq.am: Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 24 000-ը։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 20 665-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 3 500 զոհ։

AFAD-ի փոխանցմամբ՝ երկու ավերիչ երկրաշարժերից հետո, ընդհանուր առմամբ, գրանցվել է 1891 հետցնցում։ Հիմնական փլուզումներն ու զոհերը գրանցվել են Թուրքիայի Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթյա և Էլյազըղ նահանգներում։ Սիրիայում էլ մեծապես տուժել են Հալեպը, Իդլիբը, Համան ու Լաթաքիան։

Թուրքական կողմի փոխանցմամբ, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, ընդհանուր առմամբ, փրկվել է 80 088 մարդ, 10 նահանգներից տարհանվել է 92 697 քաղաքացի։ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը հայտարարել է, որ երկրաշարժի գոտում մասնակցում է 31 832 թուրք փրկարար, ևս 8 294-ը աշխարհի մյուս երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։

ՄԱԿ-ի տվյալներով՝ երկու երկրներում առնվազն 870 000 մարդ պարենի հրատապ կարիք ունի։ Ըստ այդ կառույցի՝ միայն Սիրիայում 5,3 միլիոն մարդ անտուն է մնացել։ Համաշխարհային բանկը հայտարարել է, որ, որպես օգնություն, 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիային։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն