azatutyun.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ենթականերին հանձնարարել է՝ «կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր սպառնալիքների դեմ»։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական АPA գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Խորհրդակցության ընթացքում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում, առկա օպերատիվ պայմանները»,- նշված է հաղորդագրության մեջ։
АPA-ի փոխանցմամբ՝ խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին տիրող կացությանը, քննարկել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտունակության վերջին ստուգումների արդյունքները։
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության բոլոր փոխնախարարները, զորատեսակների և կորպուսների հրամանատարները։