Հարգելի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են՝ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Այս մասին հայտնում են «Արցախէներգո» ՓԲԸ-ից։
«Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։
ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։
5 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 90 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:
Ադրբեջանը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։
Արցախը շրջափակման մեջ է։