artsakhpress.am: Այսօր՝ փետրվարի 12-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի երիտասարդ մայրերի մասնակցությամբ և ֆեյսբուքյան տիրույթում շրջափակման առաջ բերած խնդիրների քննարկման ու համատեղ հաղթահարման համար ստեղծված սոցիալական խմբի նախաձեռնությամբ։

Հավաքի մասնակից, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանն իր խոսքում անմնացորդ նվիրում է համարել Հայրենիքում ապրելու համար փորձությունները հաստատակամորեն հաղթահարելը։
«Ավելի քան երկու ամիս է` փակ է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհը։ Իսկ արցախցի փոքրիկները զրկված են անգամ լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից։ Մեր բալիկներն իրենց տներում խաղաղ ապրել են ուզում, կրթվել ու ստեղծագործել են ուզում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ակցիայի ավարտին մայրերի հետ Վերածննդի հրապարակ եկած փոքրիկները գունավոր կավիճներով խորհրդանշական պատկերներ նկարեցին։
