ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին այսօրվա՝ փետրվարի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց՝ նախագծի վրա աշխատում են հետևյալ տրամաբանությամբ․ «Ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել: Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարագ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար;
Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար), այլ ընդհակառակը, իսկապես նշանակի տևական խաղաղություն: Կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այսպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառութունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նկատեց՝ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողությունները ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը. «Եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում մեր այս պնդմանը, հիմա՝ ժամանակի հետ սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Պատահական չէ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինտիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում երեք անգամ հայտարարությամբ է հանդես եկել»: