azatutyun.am: Թեև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պաշտոնավարել, օրերս էլ ամփոփում էր իր գործունեության 100 օրը, նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնն արդեն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։
Գլխավոր դատախազն այսօր տեղեկացրել է՝ առաջարկ ստացել է՝ այս կերպ, ըստ էության հաստատելով տեղեկությունները, որ առաջիկայում Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին ազատելու է պետնախարարի պաշտոնից։
Գլխավոր դատախազության հանրային կապերի ղեկավար Կիմ Գաբրիելյանն այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Գուրգեն Ներսիսյանի խոսքերը. «Արցախի Հանրապետության նախագահի կողմից պետական նախարարի պաշտոնում աշխատելու մասին այդպիսի առաջարկ եղել է, այո: Գլխավոր դատախազը դեռևս որոշում չի կայացրել այդ կապակցությամբ»:
Չնայած գլխավոր դատախազը նշում է, որ դեռևս չի ընդունել պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարակը, այս տեղեկությունն առաջինը հրապարակած արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը դեռ անցած շաբաթ հայտնել էր, որ Գուրգեն Ներսիսյանն արդեն որոշումը կայացրել է և ընդունել է առաջարկը:
«Ես ասել եմ, որ իմ կարծիքով՝ հարգում եմ նրա որոշումը, որ ինքը պատրաստ է գլխավոր դատախազից անցնել պետնախարարի պաշտոնը ստանձնել», – ասել էր նա:
Ռուբեն Վարդանյանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել իրեն պաշտոնանակ անելու լուրերին, ինչպես նաև իր զբաղեցրած պաշտոնը գլխավոր դատախազին առաջարկելու Արայիկ Հարությունյանի քայլին։
Պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն այսօր «Ազատությանն» ասել է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ չունի, ամեն դեպքում Վարդանյանն ինքը հրաժարական չի տալու:
«Ինչպես այն ժամանակ, այս պահին էլ կարող եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ և առավել ևս հեռանալ Արցախից», – նշեց նա:
Շարունակությունը՝ azatutyun.am-ում