Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին, հետևաբար՝ կլինեմ պետնախարար, թե՝ չեմ լինի, նպատակս դրանից չի փոխվում. Ռուբեն Վարդանյան

Ես Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրել էի՝ չմտածելով պաշտոնի մասին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Պաշտոն զբաղեցնելը չի եղել իմ՝ Արցախ տեղափոխվելու նպատակը: Իմ նպատակը եղել է օգնել Արցախին պահպանել իր անկախությունը։  Հետևաբար, կլինեմ պետնախարար, թե  չեմ լինի, իմ նպատակը դրանից չի փոխվում»,- ասել է Վարդանյանը:

«Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում: Բայց Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավորել Արցախում ստեղծված իրավիճակը:  Հավանաբար այստեղ մի քանի իրադարձություններ տեղի ունեցան: Առաջինն այն էր, որ նման մարդու ժամանումն Արցախ բավական անսպասելի էր, և դա դավադրությունների տեսությունների շրջանառման տեղիք տվեց: Ոչ ոք չէր պատկերացնում, որ մարդ կարող է հայրենասեր լինել և գալ իր երկիր, սիրել ու մտահոգվել այն ամենով, ինչ կատարվում է Արցախում: Եվ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են մարդիկ դեռ ապրում այս դավադիր տեսությունների տիրույթում»,- հարցազրույցում ասել է Վարդանյանը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի գործոնին՝ Վարդանյանը հիշեցրեց, որ դեռ անցած ամառ Ադրբեջանն ասում էր, որ բանակցություններ չի վարելու հայերի հետ:

«Հիմա անցել է 6 ամիս, ասում են՝ պատրաստ են բանակցել ոչ թե Վարդանյանի, այլ Արցախի հայ բնակչության ներկայացուցչի հետ: Ես կարծում եմ, որ իմ այցը բերեց Արցախի հանրայնացման կտրուկ աճին: Շրջափակումը, ամեն ինչ միասին բերեցին դրան»,- ասաց նա:

Անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատելու, Վարդանյանը նշեց՝ կարծում է, որ սա սխալ որոշում է: «Եթե ես օգնեցի իմ գործողություններով, շատ լավ է: Եթե ես խանգարում եմ, պետք է գնամ: Սա է նախագահի որոշումը »։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն