shantnews.am: ԱԺ ճեպազրույցների ժամանակ դիտարկմանը, թե ՍԴ դատավորներին վերաբերող օրենքի նախագծի ընդունման դեպքում, եթե ՍԴ անդամները ցանկանան գործարքի գնալ քաղաքական ուժի հետ, ուրեմն պետբյուջեից իրենց չաշխատելու և թոշակի մեջ լինելու համար վճարվելու է 905 մլն դրամ ու դա համարվում օրինական կոռուպցիա, «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.
«Համաձայն չեմ այն բնորոշման հետ, թե դա կլինի գործարք իշխանությունների հետ»:
Նա լեգիտիմ է համարում գումարային հարցով պայմանավորված մտահոգությունը:
«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, և լուծումները ստանդարտ լինել չեն կարող: Կոռուպցիա, կաշառք գնահատելն անհիմն է: Եթե նման իրավիճակ ունենայինք, դժվար թե միջազգային կառույցները դրան չարձագանքեին, ավելին, դրականորեն արձագանքած լինեին, օրինակ` Վենետիկի հանձնաժողովը»:
Վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտը քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ սա առաջին արձանագրում: Երկրորդ արձանագրում՝ ասվել է, որ այդ քննադատությունը պայմանավորված է եղել երկու հանգամանքով՝ նախկինում դրա ոչ կամավոր լինելը: Այս նախագծում դա չկա: Բացառապես կամավորության հիմունքով է: Նրա խոսքերով` քննադատվում էր այն հիմքով, որ շատ դատավորների վրա էր տարածվում:
«Մեր դեպքում այդ ինստիտուտը վերաբերում է ՍԴ-ին և ոչ բոլոր դատավորներն՝ նրանց, ովքեր նշանակվել են մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը: Նրանց հետ, որպես անձ, ոչ ոք խնդիր չունի: Նրանք այնպիսի հետագիծ ունեն, որ չենք կարող սահմանադրական արդարադատությունը վստահել նրանց, և դա չի կարող համարվել այն սահմանադրական արդարադատությունը, որը վճռորոշ իրավիճակներում փրկօղակ կհանդիսանա»,- մեկնաբանեց պատգամավորը: