Մարմինը, որ կրում է որոշակի պատասխանատվություն միջազգային վճիռների կատարման համար, Անվտանգության խորհուրդն է. Կիրակոսյան |armtimes.com|

armtimes.com: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման կատարման համար կարևոր է համատեղել քաղաքական և դիվանագիտական աշխատանքները։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Ըստ նրա՝ դրանք չպետք է կտրված լինեն դատարանի կայացրած որոշումից։

«Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և դա ենթադրում է նաև աշխատանք։ Այն մարմինը, որը կրում է որոշակի պատասխանատվություն միջազգային դատարանների վճիռների ու որոշումների ապահովման ուղղությամբ, Անվտանգության խորհուրդն է։ Երբ որ խնդիր առաջանա կամ պրոբլեմային դառնա հարցը, պետք է միջամտել գործընթացին։ Այսօր դրա միջամտությունը բարդ է, որովհետև կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց տրամաբանությամբ։ Այստեղ հարցի քաղաքականացվածությունը բարդ է, մինչև դրան հասնելը այլ հարցեր կան»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա:

Արդեն շատ երկրների ԱԳՆ-ներ հանդես են եկել կոչով, որ Ադրբեջանը կատարի դատարանի որոշումը, ինչը նույնպես կարևոր է, ընդգծեց ՀՀ ներկայացուցիչը։ Այդ ուղղությամբ, ըստ նրա, ՀՀ-ն մեծ աշխատանքներ ևս ունի կատարելու։ Կիրակոսյանը նկատեց՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը ոչ միայն արձանագրվել է եռակողմ հայտարարության արդյունքներով, այլ նաև հիմա՝ դատարանի որոշմամբ, որը նույնպես իրավական փաստաթուղթ է։ 

«Որոշման կատարման գործընթացը ինքնին քաղաքական-դիվանագիտական գործընթաց է։ ՀՀ-ն այս ուղղությամբ անելիք ունի թե՛ իր դիվանագիտության միջոցով, թե՛ այլ միջոցներով։ Որոշման մասին պետք է բարձրացվի տարբեր հարթակներով ու հնարավոր միջոցներով»,- հավելեց Կիրակոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև