Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով արցախցի ոստիկանների սպանությունը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է: Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ «նրանց կողմից մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար»:

Շիֆը նաև հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը դեռ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին:

«Այս վերջին բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար», – գրել է Շիֆը Facebook-ի իր էջում՝ շեշտելով, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվի։

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով