Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը․ ինչո՞ւ ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ, եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ չի ճանաչում մեր տարածքային ամողջականությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ դռնով կամ այլ խողովակով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել»,- ասաց վարչապետը։
«Մեր այն հրապարակային դիրքորոշումները, որ մենք արտահայտել ենք, այդ դիրքորոշումները շարունակում են մնալ նույնը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է հասցեագրվի եւ հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը, եւ այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ։ Ես կարծում եմ, որ այս ձեւակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք հասցեագրենք Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, եւ մենք լիարժեք կերպով հասցեագրենք նաեւ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքի հարցերը։
Հիմա ճիշտ չի լինի քննարկել պարբերությունները, որովհետեւ որեւէ փաստաթուղթ մի պարբերությունից բաղկացած չէ, որովհետեւ կարող է լինել պարբերություն, որ մեզ թվա, թե նշանակում է սա, բայց մեկ ուրիշ տեղ գրած մի այլ պարբերություն 180 աստիճանով պտտի էդ պարբերության իմաստը։ Ի միջիայլոց, մենք դա տեսել ենք ԼՂ հարցի բանակցային ողջ գործընթացում, ես դրա մասին խոսելու առիթներ ունեցել եմ, թե ինչպես էր նախատեսում հասցեագրել, օրինակ, ԼՂ կարգավիճակի հարցը, թե ինչ բառեր են օգտագործվել․․․ Իմ առաջարկն այն է, որ մենք պարբերություններից չխոսենք, որ մենք խոսենք սկզբունքներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։