hetq.am: «Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա։ Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում»,- այս մասին Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ այս արձանագրումն առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, որում հստակ արձանագրվել է՝ Լաչինի միջանցքի փակումը ԼՂ ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների։
«Այս իմաստով կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- հայտնեց նա։