Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 100 օր տևող ապօրինի շրջափակմանը։

«Նաև այդ պատճառով է, որ եզրույթների մասին չեն վիճում, դրանց վերաբերյալ պայմանավորվում են։ Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգընթաց Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքով Արցախի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է ինտեգրվել իր կազմում։

Արցախի կողմից ինտեգրման օրակարգի ընդունումն ի սկզբանե կնշանակեր ոչ միայն օտարում իր իսկ ինքնիշխանությունից ու օրինական իրավունքներից, այլև հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից։ Միջազգային հարաբերություններում ներկայումս բավականին տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա։

Պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձում է շրջանառության մեջ դնել «ինտեգրում» եզրույթի մեկ այլ տարբերակ՝ «վերաինտեգրում», ինչը նշանակում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։ Սակայն քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այլ Խորհրդային Ադրբեջանին ենթարկեցվել է երրորդ կողմի կուսակցական մարմնի՝ Ռուսաստանի բոլշևիկների կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ։

 

Ադրբեջանի հետ Արցախի հարաբերությունների մասին ցանկացած դատողություն իմաստ ունի միայն բոլշևիկների որոշման ու հետագայում ընդունված ԽՍՀՄ սահմանադրության համատեքստում։ 1991 թվականին խորհրդային սահմանադրության գործողության դադարեցումը փակել է այս թեման։ Ի հայտ է եկել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ինքնահռչակ Ադրբեջանական Հանրապետության ապօրինի հավակնությունների խնդիրը։

Վերաինտեգրման մասին խոսելուց առաջ ժանգոտվող «երկաթե թաթերով» հայտնի «թղթե վագրը» նախևառաջ պետք է կարողանա վերականգնել Խորհրդային Միությունը։ Եթե ի զորու չէ դա անել, ապա մնացյալը բլեֆ է ու խեղաթյուրանք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն