2022թ․ օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ։ Բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհը ամբողջությամբ պատրաստ չէր գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք է գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023թ․ ապրիլի 1-ը։
«Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանակն կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահամանապահ զորքերը զբաղվելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությամբ։
Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն են տեղակայված»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվել են տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական բլոկբաստեր։
«Այս մոտեցումը առնվազն կառուցողական չէ։ Կրկնում եմ՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խպնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով, այսինքն՝ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։
Նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից։ Հույս ունեմ՝ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների։
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ-ն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առավոտյան տարածել էր հաղորդագրություն, որում ասվում էր․ «Պայմանավորված այն հանգամանքով, որ Լաչինի նոր ճանապարհը շահագործման է հանձնվել, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են վերցվել Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև գտնվող մի քանի գերիշխող բարձունք, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով գտնվող ընդարձակ տարածքներ»: