Վտանգավոր եմ համարում Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում անդրադարձավ մի քանի կարևր հարցերի․

« Մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել համաձայնագրի նախաստորագրված տեքստը, իհարկե, կան նաեւ առարկայական քննադատություններ։

Դրանցից առաջինը վերաբերում է Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը խաղաղության համաձայնագրի մեջ չներառելուն։

Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022թ․ գարնանը, եւ մենք այդ հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել, բայց որքան ձգվել են բանակցությունները, հասակցել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում, եւ դրա արդյունքում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից, եւ եթե հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր եւ տեղի չունենալ եւ մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությունը վերջերս տեսաք, ականատես եղաք»։

Փաշինյանի խոսքով՝ երկրորդ առարկայական քննադատությունն այն է, որ նախաստորագրված տեքստով Ղարաբաղի հարցը փակվում է։

«Այս քննադատությանն ի պատասխան պետք է հիշեցնեմ՝ ասել եմ, որ չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որ ՀՀ-ն առաջնորդելու եմ շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ, կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը՝ դուք, սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ։

Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ Բաքվի հետ, եւ արձանագրում եմ, որ, այո, դա վտանգավոր, վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։ Իմ ընկալումն այն է, որ բոլորը, որ համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն ՀՀ-ում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ», – հայտարարեց նա։

Փաշինյանի համոզմամբ՝ խաղաղությունը եկել է, դա արժանապատիվ, պետականակենտրոն, մարդակենտրոն տարածաշրջանակենտրոն խաղաղություն է։

«Մեր պետության 34-ամյա պատմության մեջ բոլոր արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները մենք սովորաբար դիտարկել ենք հաղթանակ-պարտություն հարթության եւ բանաձեւերի ներքո, ամեն անգամ որեւէ դիվանագիտական, արտաքին քաղաքական հարաբերություն հասկանալու մեր փորձերի մեջ ձգտել ենք գնահատել՝ դա հաղթանա՞կ է, թե՞ պարտություն։ Պիտի համարձակվեմ ասել, որ սա իրականության սխալ ըմբռնում է, որովհետեւ եթե դու գտնվում ես հաղթանակի ու պարտության ընտրության միջեւ, այսինքն՝ քո ընտրությունը կամ հաղթանակն է, կամ պարտությունը, քո պարտությունն անխուսափելի է, քանզի դու կարող ես հաղթել մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, թեկուզ հինգ կամ տասը անգամ, բայց, ի վերջո, քո պարտությունն անխուսափելի է ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետեւ անվերջ հաղթել հնարավոր չէ։

Այլ բան է փոխհամաձայնության բանաձեւը, որը հաջողություն է խոստանում համաձայնվող բոլոր կողմերին։ Վաշինգտոնյան համաձայնությունները, ըստ այդմ, հաջողություն են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե Միացյալ Նահանգների համար, սա փոխհամաձայնության եւ փոխշահավետության խաղաղություն է, եւ այս բանաձեւը հուսալի, կայուն եւ տեւական է դարձնում խաղաղությունը, հուսալի, կայուն եւ հարատեւ է դարձնում մեր պետությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, իրատեսական է դարձնում մեր բարեկեցությունն ու երջանկությունը, որը մեր բոլոր ռազմավարությունների ռազմավարությունն է, բոլոր երազանքների երազանքը։

Այս խաղաղությունը իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է, գաղափարախոսություն, որը մեր պատմության մեջ բացառիկ է նրանով, որ ոչ թե բանաձեւվել է էլիտաների կողմից եւ պարտադրվել ժողովրդին, այլ բանաձեւվել է ժողովրդի կողմից, ձեւակերպվել է ժողովրդի ներկայացուցիչների կողմից, եւ կյանքի է կոչվում ժողովրդով, բոլորով, ամենքով։ Իրական Հայաստանը՝ խաղաղ տրածաշրջանում եւ իրական աշխարհում․ սա մեր պետականության հարատեւության բանաձեւն է»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև