Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12.04․20 (թարմացվող)
19:25 - 12 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12.04․20 (թարմացվող)

18։58- Այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

18։32- Շիրակի մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]

 

18։07- «Red Wings» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց։ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

 

17։59- Արցախում արտակարգ իրավիճակով պայմանավորված հանրապետությունում մտցվել են անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եվ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ (տեղաշարժման հատուկ ռեժիմ)։ Մասնավորապես, անցակետով թույլատրվում է ԱՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ ԱՀ քաղաքացի չհանդիսացող անդամների, ԱՀ չհանդիսացող, սակայն Արցախում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի տարածք: Անցակետով արգելվում է ԱՀ քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի տարածք՝ որոշ բացառություններով։

 

17:40- Արցախի Հանրապետությունում հայտարաված արտակարգ իրավիճակը կտեւի մինչև 2020 թվականի մայիսի 12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։ Պարետատան ղեկավարը (պարետ) կլինի ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

17:20- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին եւ տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման եւ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին։

16:20- Այսօր վաղ առավոտից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները: Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

15:50- Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի։ [Արսեն Թորոսյան]

13:15- Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։ Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ,  կորոնավիրուս չի հայտնաբերվել։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

11:00- ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 36-ով: Առողջացածների թիվը 197 է, փաստացի բուժվողներինը՝ 803: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 7164 քաղաքացի: [ՀՀ առողջապահության նախարարություն]

10:05- Վեց ժամով արգելել հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երեւան, Արցախի 8/101.
2) ՏԱԹԵՎԻԿ ԽԱՄՈՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երեւան, Արցախի 14/20.
3) ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երեւան, Արցախի 14/20.
4) «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ՝ ք.Երեւան, Ազատության 11/78.
5) «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ ք.Երեւան, Բաբայան 36/96.
6) «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ՝ Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի 7: [Տիգրան Ավինյան]

09:50- Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված:

Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է մարդկային բոլոր կուտակումները: Դրսևորե՛նք կարգապահություն և պատասխանատվություն, կանխե՛նք վարակի տարածումը: [Տիգրան Ավինյան]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել