pastinfo.am։ 2020 թվականի պետական բյուջեն, այո՛, հեղափոխական է։ Ազգային ժողովում այս մասին իր եզրափակից ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020-ի բյուջեն հեղափոխական է, որովհետև մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ։ Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել և սրանով ուզում եմ արձանագրել, որ 2020 թվականին լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ-ի ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված է։ Սա նշանակում է՝ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ և այդ փուլի իմաստը այսպես ասած սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ։ Մենք պետք է աղետի գոտում խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու համար։ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»,-նշեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ դա չի նշանակում՝ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց սա չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն։ Վարչապետը նկատեց՝ ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձևավորել են և ամեն տնակի նկատմամբ կլինի անհատական մոտեցում, բայց դա այսօր Գյումրիի՝ որպես տնտեսապես և քաղաքաշինական առումով զարգացող քաղաքի խոչընդոտող թիվ մեկ խոչընդոտն է. «Իսկապես նոր փուլ է բացվում 1988 թվականի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)