Վարչապետի անունից անհայտ անձանց կողմից փակ համարով քաղաքացիներին զանգահարելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել |armtimes.com|
22:40 - 12 մայիսի, 2020

Վարչապետի անունից անհայտ անձանց կողմից փակ համարով քաղաքացիներին զանգահարելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից անհայտ անձանց կողմից քաղաքացիներին զանգահարելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա քրեական գործ չի հարուցվել:

«Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ղեկավարի պաշտոնակատար Ն. Մարգարյանը նշել է, որ «ՀՀ վարչապետի կողմից քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրության օգտագործմամբ անհայտ անձանց կողմից փակ համարով քաղաքացիներին զանգահարելու եւ տպավորություն ստեղծելու, թե իբր վարչապետն է նրանց զանգահարում» բովանդակությամբ հայ­տարարության կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործ չի հարուցվել:

Ըստ ԱԱԾ-ի՝ նշված հայտարարությունում առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն եղել:

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց: Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»: Խոսքը շաբաթներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ զրույցի ձայնագրության մասին է, երբ վարչապետը զանգում էր պատահական քաղաքացիների եւ հետաքրքրվում, թե ինչպես են դիմանում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին: Ապրիլի 14-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից մեր հարցին ի պատասխան ասել էին, որ դիմումը ուսումնասիրման փուլում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել