Քաղաքացու կողմից հիշատակված քննիչի գործողություններին գնահատական տալու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նելլի Միքայելյանի hաղորդման հիման վրա՝ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող բնակարանի՝ Ն.Միքայելյանի ժառանգության մասնաբաժինը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով և 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով:  
Հիշյալ քրեական գործով Նելլի Միքայելյանը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով 2020թ. մարտի 9-ին նշանակվել է դատափաստաթղթաբանական և դատաձեռագրաբանական համալիր կրկնակի փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Վերը նշված փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո քրեական գործով կկայացվի համապատասխան դատավարական որոշում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020թ. մայիսի 14-ին Նելլի Միքայելյանի կողմից լրագրողներին տրված հարցազրույցում հիշատակված ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի գործողություններին գնահատական տալու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: