19:38- Մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։ Դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

 

19։17- Մայիսի 17-ին և 18-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։ [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե]

 

17:14- Այն անհեթեթ լուրերը, թե իբր «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից», չեն համապատասխանում իրականությանը։ Մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։ Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»։ [Ալինա Նիկողոսյան]


13:33- «Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի  բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»:  

Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը 2019 թ. սահմանված կարգով  պաշտոնապես գրանցվել է և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]


12:20- Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով:

Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։ [ՀՀ ԱՆ]


11:02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (կին), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ՀՀ ԱՆ]


10:52- Թարմացվել է 17.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4472 (+189)
Առողջացածներ - 1925  (+134)
Փաստացի բուժվողներ -2463
Ընդհանուր թեստեր - 40230 (+1225)
Մահվան ելքեր - 60  (+5)
Մահվան ելքեր այլ պատճառով –24 (+2) [ՀՀ ԱՆ]


10:15- Հանրային տրանսպորտի կայաններում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, տրվում են վերջին ցուցումները։ Տրանսպորտն այլևս գործելու է նոր կանոններով՝ առանց ձեռնոցի, դիմակի ուղևոր ու վարորդ չի լինելու։ Ախտահանիչ միջոցներ և ախտահանում՝ տրանսպորտ նստելուց առաջ: [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․05․20 (թարմացվող)